Դեղերի դրոշմապիտակավորումը էական ազդեցություն չի ունենա գնագոյացման վրա, բայց ազդեցությունը մեծ կլինի որակի ու ստվերի վրա. Արմեն Մուրադյան

17:38 • 25.12.14

Դեղերի դրոշմապիտակավորումը էական ազդեցություն չի ունենա դեղերի գնագոյացման վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ հաշվարկները ցույց են տվել դեղերը կարող են թանկանալ 2-5 դրամով:


«Դրոշմապիտակը կարևոր գործիք է, որը թույլ է տալիս ավելի կանոնակարգված վարել բոլոր տնտեսական հնարավոր ռիսկերը նաև ապահովել որակի տեսանկյունից նոր մոտեցում: Դեղորայքի շուկան պետք է մշտապես լինի վերահսկողության ներքո՝ հաշվի առնելով առողջապահական խնդիրները: Դեղերի դրոշմապիտակավորոմը կարող է էականորեն ազդել թե՛ դեղերի որակի վրա, թե՛ ստվերային շրջանառության վրա: Դեղորայքի ներկայացուցիչները հաճախ պնդում էին, որ դեղորայք վաճառվում է, բայց դա այն չէ, ինչ իրենք են ներկրել»,- ասաց նա:


Հարցին, թե դեղերի դրոշմապիտակավորումից հետո արդյոք կշարունակվի հատով դեղերի վաճառքը, նախարարը պատասխանեց. «Ընդհանրապես դա օրենքի խախտում է, բայց հաշվի առնելով սոցիալական վիճակը, որոշակի վերապահումով ենք մոտենում այս խախտմանը: Դեղերի մասին նախապատրաստվող նոր օրենքով այս հարցի վերաբերյալ ավելի խիստ մոտեցում է լինելու նաև դեղատոմսով վաճառվող դեղերի վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ դեղատոմսերով վաճառվող դեղերի ցանկը պետք է հստակեցվի»: