Իտալական Պադույա քաղաքի քաղաքապետը «ներել» է վարորդների ավելի քան 100.000 տուգանքը

17:50 • 25.12.14

Սուրբ Ծննդյան նախօրեին իտալական Պադույա քաղաքի քաղաքապետ Մասիմո Բիտոնչին բնակիչներին անսպասելի նվեր է արել։ Քաղաքապետը չեղարկել է 112.000 տուգանք, որոնք պետք է վճարեին վարորդները արագությունը խախտելու համար, գրում է rosbalt.ru-ն։


Ավելի ճիշտ լինելու համար պետք է նշել, որ խախտումները 112.421-ն են, և դրանք բոլորն արվել են վերջին 2 ամսվա ընթացքում՝ քաղաքի ավտոճանապարհներին տեսախցիկներ տեղադրելուց հետո։


Բիտոնչիի շռայլության վրա ազդեցություն է ունեցել ոչ միայն նախատոնական տրամադրությունը և քաղաքացիների տոնը չփչացնելու ցանկությունը, այլև տեսախցիկների աշխատանքը վերստուգելու անհրաժեշտությունը։


Այդ «ամնիստիան» հնարավոր է դարձել նաև շնորհիվ նրա, որ խախտումների մասին տեղեկությունը փոխանցված չի եղել ոստիկանությանը։


Բացի այդ, քաղաքապետը խոստացել է, որ մինչ դեկտեմբերի 31-ը ոչ մի նոր տուգանք չի ներկայացվի։