100-ամյա տարելիցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շարունակում է աշխատել խիստ ծանրաբեռնված ռեժիմով

14:05 • 25.12.14

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շարունակվում է նախապատրաստվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ խիստ ծանրաբեռնված ռեժիմով. այսօր տարեվերջյան  հաշվետու ասուլիսին հայտարարեց տնօրեն Հայկ Դեմոյանը և ներկայացրեց արդեն իսկ նախատեսված հսկայածավալ աշխատանքների մի մասը:

Նա նկատեց, որ միջոցառումներին նախապատրաստվել են վերջին երեք տարիներին՝ սկսելով թանգարանի տարածքում իրականացված շինարարական աշխատանքներից՝ տարածքի բարեկարգում, հուշասյունի հիմնանորոգում և սալիկապատում, ինչպես նաև  ինստիտուտի հին մասնաշենքի հավելում՝ արևելյան և արևմտյան մասնաշենքերով:


«Թանգարանն ունի նոր միջազգային ստանդարտների համապատասխան հարմարություններ, գիտաժողովներ կազմակերպելու, ֆոնդային միավորների պահպանության համար բացառիկ պայմաններ»,-ասաց նա:


Հայ Դեմոյանը նկատեց, թե թանգարանը միայն այս տարի 15 000 այցելու է ունեցել և հասկանալի է, թե հաջորդ տարի այդ թիվն ինչքանով կարող է ավելանալ: Ըստ նրա՝  հիմնական ցուցադրությունից բացի կլինեն 20-ից ավելի ժամանակավոր ցուցադրություններ:


«Ցանկացած թանգարանում բացի մշտական գործող ցուցադրությունից պետք է պարբերաբար նաև ժամանակավոր ցուցադրություններ լինեն, որոնք բացվում են տեղում և ուղարկվում արտասահման: Յուրաքանչյուր տարածաշրջանի համար ունենք ցուցադրություններ, որոնք ուղեկցվելու են բազմալեզու կատալոգներով: Այս պահին աշխարհի տարբեր անկյուններում  50 հասցեներով ժամանակավոր ցուցադրության պայմանավորվածություններ կան, որի թիվը կարող է եռապատկվել»,-ասաց նա:


Հայկ Դեմոյանն անդրադարձավ 100-ամյակին նվիրված մեծ համաժողովին, ըստ որի՝ 300-ից ավելի ցեղասպանագետներ կգան Երևան, կլինեն հարյուրավոր ելույթներ:


Դեմոյանը նշեց, որ առանձին խոշոր ցուցադրություն կլինի՝ մինչ Ցեղասպանությունը հայկական սպորտին վերաբերող, նաև կլինի Ցեղասպանության երեխա զոհերի մասով ցուցադրություն:

«Դրանով ցույց կտրվի ցեղասպանության ամենաայլանդակ դեմքը, որ տեսնեն՝ ինչ երկրի հետ գործ ունենք, որը թույլ է տվել նման ստոր ու անմարդկային քաղաքականություն»,-ասաց նա: