Պետությունը չի նախաձեռնել «Նոր Հալեպ» ծրագիրը, որ կիսատ թողած լինի. Հրանուշ Հակոբյան

14:23 • 25.12.14

«Նոր Հալեպ» թաղամասը պետական ծրագիր չէ, և պետությունը չէ, որ որոշել է այն կիսատ թողնել. այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ մի քանի տարի առաջ հենց սիրիահայերն են դիմել կառավարությանը՝ խնդրելով տարածք տրամադրել թաղամասի կառուցման համար, ինչն էլ պետությունն արել է:


«Մոտ 600 հալեպցի դիմում է գրել, որ տարածք տրամադրենք իրենց: Հիմա մենք տրամադրել ենք այդ տարածքը, ի՞նչ,  չտրամադրեինք, որ հետո ասեիք, թե պետությունը 600 հոգու թողեց փողոցում: Մենք իրենց հետ հարցը քննարկեցինք, բանակցություններ սկսեցինք Երևանին մոտ մարզերի հետ: Նրանց հետ գնացինք Էջմիածին, Աշտարակ, և նրանք որոշեցին, որ թաղամասը պետք է լինի Աշտարակում: Նրանց բոլորին հայոց կառավարությունը  նվիրել է 50 հա տարածք ձրի, երկրաբանական հետազոտություններն իրականացրել է անվճար, մնացածը իրենց խնդիրն է, իրենք գումարներ պետք է դնեն, որ թաղամասը կառուցվի: Առաջին տարին իրենք շատ ոգևորված էին, բայց տարին տարվա վրա վախեցան ծախսերի պատճառով և իրենց փոքրիկ խնայողությունները չկարողացան դնել շենքի կառուցման վրա»,-ասաց նա:


Հարցին, թե ինչու պետությունն իր միջոցներով չկառուցեց թաղամասը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ նախարարության բյուջեն 600 մլն դրամ է կազմում, և այս գումարով իրենք ընդամենը 10 հոգու բնակարան կկառուցեին, այնինչ նախարարության ծրագրերն ուղղված են բոլորին, ոչ թե 10 հոգու:


Դիտարկմանը, թե ինչու չեն գտնվում բարերարներ, որոնք կիրականացնեն ծրագիրը, պատասխանեց, որ չի կարելի որևէ մեկին պարտադրել միջոցներ ուղղել այնտեղ, որտեղ մարդը չի ցանկանում:
Նախարարը նաև շեշտեց, որ շուրջ 1600 սիրիահայի կացարանով են ապահովել, 1000 հոգու աշխատանքով են ապահովել, 71-ի կարճաժամկետ վարկ են տրամադրել, 500-ից ավելի երիտասարդներ սովորում են մեր բուհերում: