Երևանի քաղաքապետարանում ամփոփվել է 2014 թ. սոցիալական ոլորտում կատարված աշխատանքը

11:46 • 25.12.14

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել  Երևանի քաղաքապետին  կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի 2014 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդի կազմում ընդգրկված ոլորտի հասարակական կազմակերպությունների նախագահներն ու անդամները:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Նիստի ընթացքում ներկայացվել են քաղաքապետարանի կողմից 2014 թվականի ընթացքում առողջապահության, սոցիալական և սպորտի բնագավառում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ամփոփ հաշվետվությունները:


Ըստ այդմ, առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Քաղաքապետարանի ենթակայության մի քանի բուժհաստատություններում իրականացվել են  նորոգման և ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքներ, ձեռք են բերվել 14 անուն ժամանակակից բուժսարքավորումներ:


Թվով 214 երևանցիների  մատուցվել է  համակարգչային տոմոգրաֆիայի անվճար ծառայություն: Ավանդական դարձած «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» խորագրով առողջապահական ակցիաների շրջանակում դարձյալ անվճար հիմունքներով բուժօգնություն է ստացել 27517 քաղաքացի: Հաշվետվության համաձայն, շուրջ 72 միլիոն դրամի նոր սարքավորումներ էլ ձեռք կբերվեն 2015 թվականին:


Անապահովության գնահատման համակարգում պետական նպաստներ են տրամադրվել 17896 ընտանիքի: Սոցիալական այս կամ այն ծրագրում ընդգրկվել է շուրջ 100000 ընտանիք:


Հաշմանդամներին ուղղված սոցիալական  նախաձեռնություններից էր Երևանի ավագանու որոշմամբ հաշմանդամների ու նրանց հավասարեցված անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքերի վճարումից ազատելը:


Դրան զուգահեռ, ավտոկայանատեղիներում տարածքներ են առանձնացվել հաշմանդամների տրանսպորտային միջոցների կայանման համար: Ծրագրային կարևորագույն բաղադրիչներից էր  ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ զորամասերում ծնողների կողմից զինծառայողների տեսակցության ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական նախաձեռնությունն է:


Շարունակվել է մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով համալրելու ծրագիրը: Ըստ այդմ, կառուցվել է 671 թեքահարթակ, որոնց գրեթե կեսը` հիմնանորոգված 25 փողոցներում: Շուրջ 300 թեքահարթակ էլ քաղաքապետարանի նախագծերով տեղադրել են մասնավոր ընկերությունները:


Բացի այդ, մինչև տարեվերջ հատուկ վերելակներ կտեղադրվեն տարբեր երթուղիների թվով 10 ավտոբուսներում, ևս 10-ը` հաջորդ տարի:


2014 թվականին շահագործման են հանձնվել ևս հինգ վարչական շրջանների շախմատի դպրոցների համար նախատեսված տարածքները: