Բացվել է ՊՆ կենտրոնական պարենային բազայի սառնարանային նոր համալիրը

16:43 • 25.12.14

ՊՆ կենտրոնական պարենային բազայում այսօր պաշտոնապես բացվել է սառնարանային նոր համալիր` հագեցած միջազգային չափանիշներին համապատասխանող արդի տեխնոլոգիաներով: Բացման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:


Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։


Պաշտոնական բացումից հետո պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները շրջել են նոր շահագործման հանձնված շինության տարածքում:


Պաշտպանության նախարարին ներկայացվել են սառնարանային համալիրի հնարավորությունները: Բարձր տարողունակություն, նոր սառցարաններ, սառնարանային սարքավորումներ, ջերմակարգավորիչներ, ցանցադարակներ, հոսանքի ավտոմատ գեներատորներ. սրանք նոր սառնարանային համալիրի հնարավորությունների ու ենթակառուցվածքների միայն մի մասն են, որոնք ընդհանուր առմամբ հնարավորություն կտան պարզեցված և արդյունավետ գործառնական սխեմայի միջոցով մշտապես վերահսկել զինված ուժերին մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները, արդյունավետ կազմակերպել մթերքի մատակարարումը զորամասերին` հնարավորինս նվազագույնի հասցնելով կորուստները: