Վանաձորում ծեծկռտուքի ժամանակ դանակահարված դպրոցականի եղբայրը խնդրում է աջակցել` նրան կյանքի վերադարձնելու հարցում

10:28 • 25.12.14

Վանաձորցի դպրոցական 17-ամյա Տիգրան Գևորգյանը գրեթե մեկ ամիս անգիտակից վիճակում պառկած է Երևանի Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:


«Վանաձորի դպրոցներից մեկում Տիգրանը, փորձելով ազատել դասընկերոջը ծեծկռտուքից, ծանր վնասվածք է ստացել կրծքավանդակի, որովայնի շրջանում, վնասվել են սիրտը և լյարդը. նա մինչ օրս գիտակցության չի գալիս, և այժմ Էրեբունի հիվանդանոցում բժիշկներն ամեն օր պայքարում են նրա կյանքի համար»,–այս մասին հայտնում է Տիգրանի եղբայրը և խնդրում ներդրում ունենալ նրան կյանքի վերադարձնելու հարցում:


ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ
Հաշվեհամար՝ 1930031120600300, ՀՀ դրամով,
Հեռախոսահամար՝ +374 94 114 993, Սարգիս Գևորգյան։


Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այս առնչությամբ տարածել էր հաղորդագրություն, որում ասվում էր, որ դեպքի կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, անչափահաս Ն.Ադամյանը Վանաձորի թիվ 24 դպրոցի ետնամասում վիճաբանության մեջ է մտել նույն դպրոցի 4 աշակերտների հետ՝ վերջիններիս կողմից նույն դպրոցում սովորող իր քրոջը պարբերաբար վիրավորելու հարցի շուրջ, որի ընթացքում դանակով հարվածել է նրանցից երկուսին՝ Տ. Գևորգյանի կրծքավանդակի շրջանին, ապա Ռ. Պետրոսյանի գոտկային շրջանին և դիմել փախուստի: