Արդարադատության նախարարությունը սկսել է ավելի թափանցիկ աշխատել. դիտորդական խումբ
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունն սկսել է ավելի թափանցիկ աշխատել:
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ 2014 թվականի երկրորդ կեսից Արդարադատության նախարարության աշխատանքներում զգալի փոփոխություններ են նկատելի:
Նա ասաց, որ օրենսդրական փոփոխությունների մասով սկսվել է համագործակցությունը նախարարության հետ: «Արդարադատության նախարարությունը սկսել է ավելի թափանցիկ աշխատել և հաշվետու լինել»,-ասաց նա:
Ռուբեն Սարգսյանը նշեց, որ հիմնականում դատապարտյալները բարձրացնում են ՔԿՀ–ների գերծանրաբեռնվածության, բժշկական սպասարկման, վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրներ:
Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ դիտորդական խումբն իր հերթին նախարարությանը ներկայացրել է առաջարկություններ: Նա ավելացրեց, որ անկախ հանձնաժողովը հիմնականում մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունը, և բավարարվող դիմումների թիվը նվազել է:
Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Նարե Մեսրոպյանն իր հերթին ասաց, որ եթե որոշ ՔԿՀ–ներում կա բժիշկ մասնագետների պակաս, ապա կա նաև ՔԿՀ, որտեղ ընդհանրապես բժիշկ չկա:
Նա բարձրացրեց նաև ՔԿՀ-ների բժիշկների վերապատրաստման հարցը.«Բժիշկները խնդրում են,որ իրենց ևս ներգրավեն վերապատրաստման գործընթացին»,-ասաց նա և, հատկապես, կարևորեց հոգեբույժների ներգրավվածությունը, քանի որ կան դատապարտյալներ, ովքեր ունեն նրանց կարիքը: Նրա խոսքով ՔԿՀ–երում կա նաև բժշկական տեխնիկային պակաս։
Հասարակական դիտորդական խմբի դիտորդ Արայիկ Զայլյանy հայտնեց, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը բժիշկ չունի, և պատճառաբանությունն այն է, որ որևէ բժիշկ չի ցանկանում այնտեղ աշխատել:










