Վախճանվել է ազգային թատրոնի և կինոյի վարպետ Կարեն Ջանգիրովը

14:58 • 26.12.14

Վախճանվել է ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը:

«Կյանքից հեռացավ սկզբունքային ու ազնիվ արվեստագետը, տաղանդավոր անհատականությունը:

Կարեն Ջանգիրովն ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: Աշխատել է Երևանի Դրամատիկական, Փոսի թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում՝ հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ: Նրա Միքայելը «Քաոս» ֆիլմում մեր կինոյի նվաճումներից է:

Ցավակցում ենք տաղանդավոր դերասանի ընտանիքին, ընկերներին, մտերիմներին
»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրառումը ֆեյսբուքյան իր էջում կատարել է թատերագետ Լևոն Մութաֆյանը:

Կարեն Ջանգիրովը ծնվել է 1948թ. մարտի 15-ին, Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1982թ-ից աշխատում էր Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Բերանժե` «Թագավորը մահանում է», Անցորդ` «Բալենու այգի», Բազիլ` «Ֆիգարոյի ամուսնությունը», Սերեբրյակով` «Քեռի Վանյա», Վիրտուոզ` «Ավտոբուս», Ալֆրեդ Իլ` «Ծեր տիկնոջ այցը» և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցա նակների` «Լավագույն դերասան» և այլն:

1972թ-ից նկարահանվել է ֆիլմերում` «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Արևիկ», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Խնձորի այգի», «Անապատ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս», «Ճանապարհորդություն» և այլն:


1975թ. «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնում և 1989թ. «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լ ավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993թ. արժանացել է Ստանիսլավսկու և Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակի, 2008թ.` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: