Ադրբեջանի դատախազությունը խուզարկություն է անցկացրել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում
Ադրբեջանի դատախազությունը խուզարկություն է անցկացրել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում։ Դատախազության աշխատակիցները հայտարարել են, որ ունեն «գրասենյակը փակելու մասին» դատարանի որոշում:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Քենան Ալիևի խոսքով՝ դատախազության առնվազն 10 անդամ տեղի ժամանակով 10:30-ին զինված ոստիկանների ուղեկցությամբ մտել է Բաքվի գրասենյակ։
Նրանք այժմ մի սենյակում են պահում գրասենյակի անձնակազմի մինչև 20 անդամի և պահանջում են բացել չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում են փաստաթղթերն ու անձնակազմի ֆայլերը:
Հաղորդվում է, որ դատարանի որոշումը կապված է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նկատմամբ շարունակվող հետաքննության հետ՝ որպես օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կազմակերպություն:
Ադրբեջանում վերջին ամիսներին նման խուզարկումներ են անցկացվել նաև այլ արտասահմանյան ֆինանսավորում ունեցող կազմակերպությունների գրասենյակներում՝ ներառյալ IREX միջազգային կազմակերպության և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի:










