Գուսան Հայկազունը առողջական լուրջ խնդիր ունի. նրան զորակցելու կոչ են անում գեներալներ և երգիչներ (տեսանյութ)

14:01 • 29.12.14

Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, երգիչ Մրոն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեցին, որ վատացել է բազմաթիվ  հայրենասիրական երգերի հեղինակ Գուսան Հայկազունի առողջական վիճակը և նրան օգնություն է պետք:


«Գիտենք, որ առաջին ճակատում գտնվող զինվորների համար որքան կարևոր են հայրենասիրական երկերը, ոգին: Ոգեղեն երգը փոխարինում է փամփուշտին: Դա սրտի և ոգու կանչն է, որը մղում է մարդուն սխրանքների:


Այսօր մեր ասելիքի բուն իմաստն այն է, որ շատ մարդիկ են գնացել մեր շարքերից, այդ թվում նաև երգիչներ: Այսօր առողջական մեծ խնդիր ունի Գուսան Հայկազունը, ում երգերը մեզ տարել է մարտի: Մենք պետք է օգնենք նրան բուժման համար»,-ասաց Աստվածատուր Պետրոսյանը և ավելացրեց.  «Ես հիմա ոչ միայն կոչ եմ անում կամ խնդրում, այլ ասում, որ մենք կարող ենք դա անել, դա մեր ձեռքում է»:


Երգիչ Արսեն Գրիգորյանն էլ նշեց, որ դա օգնություն չէ. յուրաքանչյուրի պարտականությունն է Գուսան Հայկազունի կողքին կանգնելը. «Ինքն անփոխարինելի զինվոր է: Միայն «Հայեր միացե՛ք» երգը մեզ բոլորիս համախմբեց, և այսօր մենք պետք է համախմբվենք և կանգնենք մեր գուսանի կողքին»:


Նախատեսվում է նաև բարեգործական համերգ անցկացնել «Ապրիր առողջ, Գուսան Հայկազուն» խորագրով:  Գուսանի համար Անելիք բանկում հաշվեհամար է բացվել,  ցանկացողները կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել:


Ասուլիսից հետո կենդանի կատարմամբ հնչեցին Գուսան Հայկազունի երգերից: