AirAsia-ի անհետացած ինքնաթիռի որոնման գոտում կասկածելի օբյեկտ է հայտնաբերվել
Մալայզիական AirAsia ավիաընկերության անհետացած ինքնաթիռի որոնման հատվածում` Կալիանտան կղզու հարավ-արևմտյան հատվածից մոտ 130 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է կասկածելի օբյեկտ:
Ինչպես հայտնում ria.ru-ն, ներկայում այդ օբյեկտի մոտ են ուղարկվել ինքնաթիռներ: Աղբյուրը մանրամասնում է, որ օբյեկտը հայտնաբերել է ավստրալական AP-3C Orion ինքնաթիռը, որը որոնողական աշխատանքներ է իրականացնում Ճավայի ծովում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ինդոնեզական Բելիտունգ կղզու բնակիչները պնդում են, որ պայթյուն հիշեցնող ձայներ են լսել մոտավորապես այն ժամանակ, երբ դիսպետչերները կորցրել են կապն ինքնաթիռի հետ:
Ինդոնեզիայի որոնողա-փրկարարական ազգային գործակալության ղեկավար Բամբանգ Սոելիստիոն տեղեկացրել է, որ հիմնվելով ստացված համակարգման տվյալների, ինչպես նաև մասնագետների գնահատականների վրա՝ ենթադրվում է, որ ինքնաթիռը գտնվում է ծովի հատակին:
Աղբյուրը հիշեցնում է, որ AirAsia ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 155 մարդ, անհետացել է դեկտեմբերի 28-ին` Ինդոնեզիայից Սինգապուր թռչելու ճանապարհին:
Երկինք բարձրանալուց 40 րոպե անց այն կորցրել է կապը ցամաքի հետ: Ենթադրվում է, որ այն կործանվել է եղանակային անբարենպաստ պայմանների կամ վառելիքի սպառման պատճառով:










