Սիբիրի բնակիչը եռուցիչ է կուլ տվել

13:10 • 29.12.14

Կրասնոյարսկի (ՌԴ) հիվանդանոցի բժիշկները փրկել են մի մարդու, ով ջուր եռացնելու համար նախատեսված էլեկտրական սարք է (кипятильник) կուլ տվել, հաղորդում է rosbalt.ru-ն:

 

Ինչպես պատմել են հիվանդանոցի մամուլի ծառայությունում, երիտասարդին հյուսիսային շրջաններից դեկտեմբերի 18-ին հիվանդանոց է տեղափոխել սանիտարական ավիացիայի անձնակազմը: Բժիշկները հայտնաբերել են, որ կերակրափողի վերին հատվածում մեծ չափսերի օտար մարմին է գտնվում:

 

Կերակրափողն ամբողջությամբ փակված է եղել, հիվանդին սպառնացել է շնչահեղձություն և մահ:

 

Ռենտգենյան հետազոտությունը պարզել է, որ հիվանդի կերակրափողում եռուցիչ է: Հաշվի առնելով այն, որ կերակրափողի տրամագիծը հանգիստ վիճակում 2-3 սանտիմետր է, իսկ եռուցիչն այն ձգել է 4-5 անգամ, օտար մարմինը հանել բժիշկներին հաջողվել է միայն հատուկ մեթոդով:

 

Հիվանդից պարզել, թե ինչպես է այն հայտնվել նրա կերակրափողում, չի հաջողվել. նա պնդում է, որ այն «պատահաբար» է կուլ տվել: