Հալեպում ուժգին պայթյուն է որոտացել, բախումները վերսկսվել են նոր թափով
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն այս առավոտյան ցնցվել է ուժգին պայթյունից:
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, պայթյունը տեղի է ունեցել Հալեպի բերդի մոտակայքում՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից:
Պայթյունին հաջորդել է բուռն բախումների վերսկսումը՝ Հալեպի հին, պատմական թաղամասերում:
Բախումների և արձակված հրթիռների հետևանքով քաղաքի այդ շրջաններում երթևեկությունը խաթարվել է: Սիրիական բանակը շարունակում է դիմադրել: Բախումները շարունակվում են:
Այս օրերին՝ Ամանորի նախաշեմին, Հալեպի բնակչությունը ծանր օրեր է ապրում: Ավելի քան 5 օր է էլեկտրաէներգիան անջատված է, ջրամատակարարում նույնպես չի իրականացվում:
Սիրիական Կարմիր մահիկի ջանքերով ջրի հոսքը հաջողվել է ժամանակավորապես վերականգնել որոշ թաղամասերում միայն: Չնայած օդի ջերմաստիճանը բավական նվազել է, վառելանյութ ևս քաղաքում չկա:










