Զորացրված երիտասարդների զբաղվածության խթանման ծրագրերը կշարունակվեն. սոցապնախարարն այցելել է զորամաս

17:11 • 30.12.14

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին տեղակայված N զորամաս:


Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։


Նախարարն իր ողջույնի խոսքում զինծառայողներին շնորհակալություն է հայտնել ծառայության համար և կարևորել է բանակ-հասարակություն՝ օրեցօր ամրապնդվող կապը: Ըստ նրա՝ անցնող տարին մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայոց բանակն ի զորու է ապահովել հայոց սահմանների անառիկությունը:


Նախարարը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ և զինվորներին մաղթել ուժ և կորով՝ իրենց առջև դրված խնդիրը կատարելու գործում։


Այնուհետև Արտեմ Ասատրյանը շրջել է զորամասում, ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին, զրուցել զինվորների և սպայական անձնակազմի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայից և նրանց հուզող խնդիրներից:


Զինծառայողների հետ զրույցում նախարարը ասել է, որ նրանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածության խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:


Նա մասնավորապես նշել է, որ վերջին 4 տարիներին իրականացված արմատական բարեփոխումների արդյունքում էապես ավելացել են առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակներն ու պարգևավճարները: Զբաղվածության ազգային քաղաքականության նոր մոդելի շրջանակներում, որպես առաջնահերթություն, ամրագրված է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված երիտասարդների զբաղվածության ապահովումը զորացրվելուց հետո, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված են որոշակի երաշխիքներ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված երիտասարդների համար:


Նախարարը հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ նպատակ ունենալով համապատասխան պետական աջակցություն տրամադրելու միջոցով խթանել զբաղվածությունը զորացրված երիտասարդների շրջանում: