«Իսլամական պետության» ամսագրում հայտնվել է «բրիտանացի լրագրողի» հոդվածը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից հրատարակվող «Դաբիկ» ամսագրում հրապարակվել է հոդված, որը ստորագրվել է բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի անունով, գրում է interfax.ru-ն:
Նյութի հեղինակը կանխատեսում է արևմտյան տնտեսական համակարգի և, մասնավորապես, ամերիկյան դոլարի փլուզում և «խելացի քայլ» է անվանում «Իսլամական պետության» կողմից սեփական արժույթի թողարկումը և ոսկե մետաղադրամների շրջանառությունը:
Խմբավորման մետաղադրամները շրջանառության մեջ են գտնվում Սիրիայի և Իրաքի այն տարածքներում, որոնք իսլամիստների հսկողության տակ են գտնվում:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Քենթլին իսկապես հոդված է գրել ամսագրի համար, թե նրա անունը նշվել է պատրաստի նյութի տակ:
43-ամյա Ջոն Քենթլիին գրոհայիններն առևանգել են 2012 թվականին: Իրաք «Իսլամական պետության» ներխուժման պահից ի վեր լրագրողը 7 անգամ երևացել է խմբավորման քարոզչական տեսանյութերում:










