Էրեբունի ռուսական ավիաբազայի օդաչուները 2014թ. կատարել են ավելի քան 500 թռիչք. ամփոփվել է ռուսական ռազմակայանի գործունեությունը

13:04 • 30.12.14

Հայաստանի ռուսական ռազմակայանում ամփոփվել են 2014 ուսումնական տարում Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների ստորաբաժանումների մարտական պատրաստության արդյունքները:

«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2014 թվականի ընթացքում ռուսական ռազմակայանում անցկացվել են ջոկերի և դասակների ավելի քան 100 մարտական նշանաձգության պարապմունքներ, տարբեր մակարդակի շուրջ 15 մարտավարական զինավարժանքներ, այդ թվում՝ միավորման կազմում: Հիմնական ուշադրությունը նվիրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների հետ համատեղ զինավարժանքների նախապատրաստմանն ու անցկացմանը և առաջին անգամ անցկացված մարտավարական զինավարժանքին  ռազմակայանի բոլոր ուժերի մասնակցությամբ՝ օդուժի և հակաօդային պաշտպանության զորքերի ներգրավմամբ:

Անցյալ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ նշանաձգության գործնական պարապմունքների, մարտական մեքենաների վարման, կործանիչ օդուժի և ուղղաթիռների թռիչքների կատարման ինտենսիվությունը մեծացել է 4,5 անգամ: Էրեբունի ռուսական ավիաբազայի օդաչուները կատարել են ավելի քան 500 թռիչք: Ընդհանուր թռիչքաժամը կազմել է ավելի քան 2000 ժամ:

2014 ուստարվա արդյունքներով միավորման լավագույն զինծառայողներին և ստորաբաժանումներին հանձնվել են պատվոգրեր, թանկարժեք նվերներ և փոխանցիկ գավաթներ: