Ամանորի սեղանը՝ կրկին պարտքով. Գյումրու տնակներում կյանքը նույնն է, ինչ նախորդ տարի` այս օրը
Գյումրու տնակային ավանների բնակիչների տոնական տրամադրությունն այս տարի ևս խիստ տարբերվող է: Tert.am-ը նախորդ տարի տարեմուտի շեմին անդրադարձել էր բազմազավակ մի քանի ընտանիքի նախատոնական պատրաստություններին: Այս տարի ևս նույն ընտանիքներից հետաքրքվեցինք, թե ինչպես են պատրաստվում Ամանորին. պատկերը նույնն էր:
Վեց անչափահաս երեխայի մայր Մարի Քոչարյանը սպասում է տարվա վերջին օրվան, որպեսզի գնա հարևան խանութ, տեսնի, թե ինչ չի վաճառվել, և պարտքով վերցնի: «Մի քիչ խմորեղեն կդնեմ սեղանին, մի քիչ միրգ ու սոկ: Էդ էլ պիտի վերասյա վերցնեմ: Խանութի աշատողն ըսել է, որ վերջին օրը թե չծախվավ, կտամ: Հիմա վերջին օրը պիտի հանդիպեմ, տեսնիմ ինչ է մնացել, վերասյա վերցնեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե Ամանորին ինչ է լինելու բազմազավակ ընտանիքի տոնական սեղանին:
Անցած տարվա դրությամբ ոչինչ չի փոխվել այս ընտանիքի կյանքում, դեռ ավելին՝ պարտքերն են ավելացել. «Ամուսինս չի աշխատում: Լույսի փող պիտի մուծեմ տասը հազար դրամ, չգիտեմ` ինչ պիտի անեմ»:
Չորս երեխայի մայր Անահիտ Սուքիասյանի ընտանիքում ևս խնդիրները նույնն են, մի բան է ավելացել՝ այս տարի վառելիք ունեն, Գյումրու «Շիրակ» կենտրոնի «Ջերմություն տնակային ավանների բնակիչներին» նախաձեռնության շրջանակներում են ստացել: Խնդիրները, սակայն, ավելի շատ են. «Էս տարի էլ դոմիկում կապրինք, ես առողջական խնդիր ունեմ, չեմ կրնա աշխատել: Աջիկս Երևանում սովորում է, հովանավորել են իրեն: Փոքր տղաս էս խոնավ պայմաններից ասթմատիկ հիվանդ է»:
Իսկ թե ինչպես են պատրաստվում դիմավորել Ամանորը Անահիտի ընտանիքում, վերջինս ասաց. «Էս Նոր տարվան վառելիք ունենք, փեջը կվառեմ ու ընտանիքով կհավաքվենք»:










