Ստամբուլում անհայտ անձը ոստիկանների վրա նռնակ է նետել

22:27 • 01.01.15

Ստամբուլի կենտրոնական հատվածում անհայտ անձը հարձակվել է ոստիկանների վրա՝ նրանց վրա նռնակ նետելով, հաղորդում է ТАСС-ը: Դեպքը տեղի է ունեցել «Դոլմաբահչե պալատ» թանգարանային համալիրի մոտ, նռնակը չի պայթել:


Ձերբակալված և հարցաքննության ուղարկված հարձակվողի թիրախը եղել են շենքի շրջակայքը հսկող իրավապահները: Հաղորդվում է, որ տղամարդու մոտ է եղել նաև երկու հրազեն: Դեպքի վայր ժամանած սակրավորները չեզոքացրել են չպայթած նռնակը:


Հարձակվողի շարժառիթների մասին դեռ չի հաղորդվում: Նոր տարվա տոնակատարությունից հետո Ստամբուլի փողոցներում համեմատաբար քիչ մարդ կա, սակայն ոստիկանությունը, ցանկանալով խուսափել հնարավոր միջադեպերից, ժամանակավորապես ամբողջությամբ շրջափակել է դեպքի վայրը և փակել թանգարանի տարածքին հարող ավտոճանապարհի հատվածը: