2015-ը ես հայտարարել եմ ժպիտի, բարության և լավ երաժշտության տարի. Մարտին Վարդազարյան
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը գտնում է, որ ամեն օրը Նոր տարի է, որովհետև այն անկրկնելի է, և դրա համար առանձնապես պատրաստություն չի տեսնում: «Չնայած այս տարին ես ինձ համար հայտարարել եմ ժպիտի, բարության և լավ երաժշտության տարի: Հրավիրում եմ բոլորին նույնպես միանալ այդ կոչին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ամփոփելով անցած տարին՝ Մարտին Վարդազարյանը, որպես մշակութային ոլորտում նշանակալի ձեռքբերում, առանձնացրեց մի շարք փառատոների անցկացումը, երիտասարդ կատարողների ճանաչումը:
«Վերջերս ավարտվեց երիտասարդական մրցույթը: Մի հարցում ուզում եմ իմ կարծիքն ասել` ես դեմ եմ երեխաների միջև մրցույթներին, երեխաների համար դա պետք է տոն լինի: Երեխաների միջև մրցույթ անցկացնելը ճիշտ չէ»,- ասաց նա:
Կոմպոզիտորը 2015թ.-ից ակնկալում է, որ աշխարհը վերջապես կարողանա ճանաչել հայի ինքնությունն իր անցած բոլոր դժվարություններով:
«2015թ.-ը պետք է լինի աշխարհին «հայ» հասկացությունն իսկապես ճանաչելի դարձնելու տարի` ոչ միայն մեկ- երկու դեպքով»,-ասաց Մարտին Վարդազարյանը՝ մաղթելով, որ այս տարին լինի չկատարված բոլոր ցանկությունների իրականացման տարի:










