Նյու Յորքում Ամանորը դիմավորելուց հետո Թայմս-սքուեր հրապարակից ավելի քան 50 տոննա աղբ է հանվել (լուսանկարներ)
Նյու Յորքի Թայմս-սքուեր կենտրոնական հրապարակից Ամանորը դիմավորելուց հետո դուրս է բերվել ավելի քան 50 տոննա աղբ: Տոնակատարությունների անցկացման հիմնական վայրը կարգի է բերել ավելի քան 170 հավաքարար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբահանության աշխատանքներին մասնակցել է 28 մեքենա: Առավոտյան ոչինչ արդեն չի հիշեցրել նախորդ գիշերվա տոնի մասին:
Ամանորի գիշերը, թեև սառնամանիքին, հրապարակում հավաքվել է մոտ 1 մլն մարդ: Հայտնի բյուրեղապակե գունդը շարժման մեջ դնող կոճակը սեղմելու պատվին արժանացել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: Գունդը դանդաղ ներքև է իջել երկնաքերերից մեկի վրայից և հասել վերջին կետին այն պահին, երբ ԱՄՆ-ի Արևելյան շրջանում սկսվել է 2015-ը:
Արարողությանը հեռուստացույցով հետևել է ավելի քան 1 մլրդ մարդ ամբողջ աշխարհում:










