Թուրքիայում սկսվել է Էրդողանին գաղտնալսելու համար մեղադրվող ոստիկանների դատը
Անկարայում սկսվել է թուրքական ոստիկանության նախկին 13 աշխատակցի գործով դատը. նրանք մեղադրվում են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` վարչապետ եղած ժամանակ գաղտնալսելու համար:
Ինչպես նշում է alarabiya.net-ը, մեղադրյալները 2011թ. գաղտնի լսող սարքերն այնպես են տեղադրել, որ կարողանան կարևոր տեղեկություններ հավաքել երկրի ղեկավարի մասին: Նշվում է, որ սարքերը տեղադրվել են հոսանքի վարդակների մեջ:
Նախկին իրավապահները մեղադրվում են քաղաքական լրտեսություն կազմակերպելու, պաշտոնյաների անձնական կյանքի իրավունքները ոտնահարելու համար:
Եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի, ապա յուրաքանչյուրին կսպառնա 36 տարվա ազատազրկում: Հայտնի է, որ փակ դատավարությանը մասնակցում են նաև Էրդողանի փաստաբանները:
Ըստ Hurriyet-ի` դատարանում ներկայացել է իրավապահներից 8-ը միայն, մինչդեռ մյուս 5-ը հետախուզման մեջ են:










