Ջորջ Քլունիի կնոջն ազատազրկում է սպառնում Եգիպտոսում
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կնոջը` միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունիին, Եգիպտոսում սպառնում է ազատազրկում` այդ երկրի դատական համակարգի վերաբերյալ կազմած զեկույցի պատճառով:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այդ զեկույցում մատնանշվում են Եգիպտոսի դատական համակարգի թերությունները: Նշվում է, որ Եգիպտոսի արդարադատության նախարարության չինովնիկները չափից ավելի շատ իշխանություն ունեն դատավորների նկատմամբ, իսկ կառավարությունն էլ շատ է վերահսկում դատախազների աշխատանքը:
Ամալ Քլունին ու նրա թիմը խորհուրդ են տվել վերջ տալ այն սովորությանը, ըստ որի` մասնավոր դեպքերի համար չինովնիկներն իրենք են ընտրում դատավորներին:
Նա նշել է, որ իր նկատողությունը որևէ փոփոխության չի հանգեցրել`որպես օրինակ բերելով «Ալ- Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողների նկատմամբ կայացված անարդար վճիռը:
Անցած տարվա հունիսին Եգիպտոսի դատարանն «Ալ- Ջազիրայի» 3 լրագրողի դատապարտել է 7 տարվա ազատազրկման «Մուսուլման եղբայրներ» շարժմանն ու նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին աջակցելու համար:
Հիշեցնենք նաև, որ Ամալ Քլունին այս տարվա հունվարին պատրաստվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնել Հայաստանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քլունին հունվարի 28-ին մասնակցելու է թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի գործով դատավարությանը: Վերջինս 2005թ. ճամփորդել է Շվեյցարիա և այնտեղ հերքել Հայոց ցեղասպանության փաստը, ինչից հետո ազատազրկվել է:










