Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի ադրբեջանական ղեկավարությանը ԱԳՆ-ի հայտարարությունը

18:46 • 03.01.15

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ՊԲ-ի հետ շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ:


Խստորեն դատապարտում ենք հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում իրականացրած դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով կան մարդկային կորուստներ։


Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։


Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։


Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում, սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ։


Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը: