Հնդկաստանի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են Air India-ի ինքնաթիռում հնարավոր ահաբեկչության մասին

16:44 • 04.01.15

Հնդկաստանի հատուկ ծառայությունները քաղաքացիական ավիացիայի անվտանգության բյուրոյին (BCAS) զգուշացրել են, որ ահաբեկիչները կարող են մոտակա ժամանակներում Air India ավիաընկերությանը պատկանող և Դելի-Քաբուլ ուղևորվող ինքնաթիռի գրավման փորձ կատարել: Այս մասին գրում է ria.ru-ն։

Հնդկաստանի հետախուզական ծառայությունների տվյալների համաձայն` ահաբեկիչների կողմից գրավման համար թիրախ կարող է ընտրվել Air India ընկերությանը պատկանող ինքնաթիռներից մեկը, այդ պատճառով ուժեղացվել են անվտանգության միջոցները։

Մասնավորապես` ուժեղացվել է հսկողությունը անմիջապես ինքնաթիռների մուտքերի մոտ, ստուգվում են ուղևորների ձեռքի ուղղեբեռները և հսկվում է օդանավակայանների շրջակայքը։

NDTV հեռուստաընկերության տվյալներով` շաբաթ երեկոյան Air India ավիաըներության Կոլկատում գտնվող գրասենյակ ինքնաթիռի գրավման մասին սպառնալիքներով անանուն զանգ է ստացվել։