Հայաստանում սկսել են ավելի քիչ ծխել, ավելի շատ խմել. ՀՀ ԱՆ մասնագետ
Հայաստանում ալկոհոլի տարածումը մեծ չէ, բայց գնալով՝ աճ է գրանցվում, հատկապես երիտասարդության շրջանում: Tert.am-ին այս մասին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը, ով նկատեց, որ զուգահեռաբար նվազել է ծխողների թիվը: «2000-ից մինչև հիմա շուրջ 10-ից 15%-ով պակասել է ծխողների թվաքանակը»,-ասաց նա:
Ռոմելա Աբովյանը նշեց, որ ծխող կանանց թիվը մեծացել է՝ այդուհանդերձ մնալով շատ ցածր: «Վիճակագրությամբ բնակչության 53%-ն է ծխում, որոնցից կանանք 3% են կազմում»,-ասաց նա և հավելեց, որ չնայած թվին՝ միտումը գնում է դեպի նվազելը:
Ռոմելա Աբովյանը նկատեց, թե պայքարը ծխախոտի ու ալկոհոլի նկատմամբ միայն սահմանափակումը չէ, այլ պետք է մոտեցումը փոխել, որին լծվել են նաև պետական մակարդակով:
Ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը ներկայացրեց 2014թ-ի վերջին ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը»:
Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է՝ առողջության հիմնական վարքագծային ռիսկերին ենթարկվող անձանց թվաքանակը նվազեցնել ու առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի մեծացմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացնել, ինչպես նաև՝ բնակչության իրազեկել անառողջ ապրելակերպ վարելու հետևանքով առաջացող վտանգների մասին:










