Ղազախստանն այսօր, ըստ էության, պայքարում է ԵՏՄ-ի դեմ. Հովհաննես Իգիթյան

22:12 • 08.01.15

Ըստ էության` Ղազախստանն այսօր պայքարում է Եվրասիական տնտեսական միության դեմ, և  սա է պատճառը, որ ԵՏՄ-ի պայմանագիրը ստորագրելուց մեկ օր առաջ Ղազախստանի նախագահ Նազարբաևը գնում է Եվրամիություն և ստորագրում ազատ գոտու առևտրային փաթեթը և  ասոցացման պայմանագիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով ԵՏՄ անդամ երկրների` Եվրամիության հետ հարաբերություններին:

 

«Բացի այդ՝ Ղազախստանը խնդրել է Եվրամիությանը, որ կանաչ լույս բացի համաշխարհային առևտրային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության համար»,-ասաց նա:

 

Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ Ղազախստանի ներդրումային ֆոնը ռուսական չէ, և այն ընկերությունները, որոնք իրականացնում են ներդրումներ Ղազախստանում, ավելի շատ այն երկրների շարքից են, որոնք պատժամիջոցներ են ներկայացնում Ռուսաստանի նկատմամբ, ինչի համար էլ Ղազախստանը երբեք չի միանա Ռուսաստանին` պատժամիջոցներին արձագանքելու հարցում: «Նազարբաևն իր ելույթում դիմելով ժողովրդին՝ ասել է, թե 2015 թվականին շատ դժվար է լինելու,  մենք պետք է բոլորս հաղթահարենք այդ դժվարությունները: Այդ դժվարություններն առաջին հերթին՝ նա կապում էր  Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հետ»,-ասաց նա և նշեց, որ Ղազախստանը պարզ իրականացնում է այդ պատժամիջոցներից խուսափելու և պաշտպանվելու քաղաքականություն:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի`ԵՄ-ի հետ հարաբերությանը, ապա նա նշեց, որ այն, ինչ անում է Ղազախստանը,  Հայաստանը չի անում: «Հայաստանը դադարեցրել է խորը և  համապարփակ ազատ առևտրի գոտու հետ կապված որևէ բանակցություն ԵՄ-ի հետ: ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանը չի կարող բանակցություններ վարել ԵՄ-ի հետ, դա պետք է անի ԵՏՄ-ի հանձնաժողովը»,-ասաց նա: