Կրակելով՝ Բաքուն հետախուզում է, թե ինչ է փոխվել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո
Տարեմուտից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն պահելու Ադրբեջանի քաղաքականությունը առաջին հերթին՝ հետախուզական նպատակ է հետապնդում:
Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով լարվածությունը՝ նման կարծիք հայտնեց «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
«Հետախուզում են, թե արդյո՞ք Հայաստանն ավելի պաշտպանված է, քան մինչև ՌՏՄ-ին անդամակցելը, այսինքն՝ Հայաստանի պաշտպանվածության աստիճանը, թե ինչ է ավելացել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո:
Ճիշտ նույն կերպ էլ նա ամառային հարձակումների ու Քարվաճառ ներթափանցման փորձերի տեսքով զոնդաժի փորձեր արեց, ապա զինավարժությունների ժամանակ ուղղաթիռի խոցումով Արցախի ու Հայաստանի հանրությանը ահաբեկելու փորձ արեց : Հետևաբար՝ պետք է հասկանանք, որ սա շատ լուրձ փորձություն է ո´չ միայն Հայաստանի, այլև՝ Եվրասիական տնտեսական միության համար, քանի որ հայտարարվել է, որ այն ավելի է ամրամպնդում Հայաստանի անվտանգությունը, հետևաբար, պետք է այս ամենի դեմը փակել»,-ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ 2015 -ի հունվարի 1-ից առ այսօր արդեն 4 զոհ է գրանցվել հայկական զինուժի կողմից, հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև՝ 60 մմ ականանետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար 500 կրակոց:
Ստյոպա Սաֆարյանը լարվածության ավելացման մեջ երկրորդ խնդիր էլ է տեսնում՝ Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման կոնկրետ շահագրգռվածություն:
«Խոսքը մեր դաշնակցի՝ Ռուսաստանին, և հարևան Թուրքիայի մասին է: Տարբեր նկատառումներով՝ այդ երկուսի շահագրգռվածությունն էլ չի պակասել… Մասնավորապես՝ որ այս դիմակայության շրջանակներում այնքան էլ վատ չէր լինի, որ տապալվեին հին և նոր ծրագրերը՝ հաղորդակցական, էներգետիկ և այլն: Իսկ պատերազմը կարող է դրա հնարավոր միջոց դառնալ»,-ասաց քաղաքագետը:
Կոնկրետ Թուրքիայի առումով նա առաջարկեց չմոռանալ, որ 2015-ը այն տարին է, երբ Հայաստանն ու Սփյուռքը նշելու են Հայոց ցեղասպանության տարելիցը, հետևաբար՝ կա մեր միտքն ու գործողությունները շեղելու նպատակ, մեզ այլ հարցերում ներգրավելու ցանկություն:










