Շառլ դե Գոլ օդանավակայանի թռիչքուղիները փակվել են, ոստիկանությունը բանակցություններ է սկսել կասկածյալների հետ (ուղիղ)

14:05 • 09.01.15

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ բանակցություններ է սկսել Դամարտեն-ան-Գոելում պատանդ վերցրած և Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակում գործելու համար կասկածվող եղբայրների հետ, հաղորդում է France 24-ը:

 

Միևնույն ժամանակ ոստիկանությունը հերքել է հետապնդման ընթացքում զոհերի մասին տեղեկությունը և հստակեցրել է, որ կասկածյալ ահաբեկիչները մեկ պատանդ են վերցրել:

 

BBC-ի հաղորդմամբ` Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի թռիչքուղիները փակվել են, և մի շարք չվերթների այլ ուղղություն է տրվել: Օդանավակայանը գտնվում է Դամարտեն-ան-Գոելի մոտակայքում, որտեղ այժմ կասկածյալ ահաբեկիչները պատանդ են պահում:

 

Ոստիկանները հսկում են Դամարտեն-ան-Գոելի արդյունաբերական հատված տանող ճանապարհները: Քաղաքի բնակիչներին խնդրել են մնալ տներում, մոտակայքում գտնվող դպրոցներում հրահանգել են աշակերտներին դուրս չթողնել:

 

Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, այժմ իրականացվող ոստիկանական գործողության նպատակն է հանցագործների «չեզոքացումը»:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որկասկածյալ ահաբեկիչների հետապնդման ընթացքում իրավապահների և ահաբեկիչների միջև փոխհրաձգություն է սկսվել: Արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում է կասկածյալների հետապնդումը, ովքեր, հնարավոր է, պատասխանատու են չորեքշաբթի օրը Charlie Hebdo ամսագրի վրա կատարված հարձակման համար:

 

Ինչպես հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները, ոստիկանությունը մոբիլիզացրել է իր ողջ ուժերը՝ մտավախություն ունենալով, որ ահաբեկիչները հանձնվելուց առաջ մեկ այլ հարձակում կգործեն:

Շառլ դե Գոլ օդանավակայանի թռիչքուղիները փակվել են, ոստիկանությունը բանակցություններ է սկսել կասկածյալների հետ (ուղիղ)