Օլանդը շտապ խորհրդակցություն է անցկացնում Ֆրանսիայում ստեղծված իրավիճակի առնչությամբ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ խորհրդակցություն է անցկացնում Փարիզում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Le Monde-ին:
Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցում են վարչապետ Մանուել Վալսը, ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, ուժային գերատեսչությունների ղեկավարությունը:
Ֆրանսիայի նախագահը նաև ելույթ է ունեցել լրագրողների առաջ Ներքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում՝ խոստովանելով, որ իշխանությունները տեղյակ էին, որ «հնարավոր են հարձակումներ», հաղորդում է BBC-ն:
Օլանդը նաև շեշտել է, որ պետք է ձեռնարկվեն անվտանգության միջոցներ Ֆրանսիայում նախատեսվող ցույցերի և հավաքների համար:
Ի դեպ, Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման կասկածյալները, ովքեր 1 մարդու պատանդ են պահում Փարիզից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տպագրության շենքում, ոստիկանությանը հայտնել են, որ ցանկանում են մահանալ ինչպես նահատակներ:










