Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորումը մեծ օգուտ կբերի Հայաստանին. Ալեքսանդր Իսկանդարյան
Մեր տարածաշրջանում նոր սկսված տարվա առաջին մեծ քաղաքական իրադարձությունն էր` Վրաստանում «Petrocas Energy Group»-ի ու ռուսական պետական «Ռոստեֆտ» ընկերության միջև խոշոր գործարքը: Վրաց միլիարդատեր Դավիթ Յակոբաշվիլուն պատկանող «Petrocas Energy Group» բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառեց «Ռոսնեֆտ» ռուսական պետական նավթագազային ընկերությանը: Գործարքը ոչ միանշանակ ընկալվեց. մի կողմից՝ վրաց-ռուսական հարաբերությունների այսպիսի բարելավումը դուր չեկավ վրաց ընդդիմադիրներին ու արևմտամետ փորձագետներին, որոնք դրանում տեսնում են ռուսական վտանգ, մյուս կողմից՝ սա նաև ընկալվեց որպես երկու պետությունների միջև խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգման հույսի նշույլ, ինչը չի կարող իր դրական հետևանքները չունենալ նաև մեր պետության համար:
«Ընդհանուր առմամբ՝ այս պարագայում հետաքրքությունը ո´չ թե զուտ քաղաքական էր, այլ՝ հիմնականում տնտեսական, բայց առանց խորհրդակցությունների, առանց քաղաքական իշխանության թույլտվության նման գործարքը թե° Ռուսաստանում, թե° Վրաստանում հավանաբար չէր իրականացվի»,- «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Անշուշտ, յուրաքանչյուր խոշոր տնտեսական գործարքում կա քաղաքական բաղադրիչ, սակայն այս գործարքը առանձնակի նորություն չէր: Ռուսական կապիտալը Վրաստանի տնտեսությունում միշտ էլ ներկա է եղել, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում: Վրացական էներգաոլորտում ռուսական ընկերություններին բավականին մեծ չափաբաժիններ են պատկանել անգամ 2008 թ-ին` ռուս-վրացական պատերազմի ժամանակ:
Վրաստանի ներկայիս քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Սկսած այն ժամանակներից, երբ Սահակաշվիլիից իշխանությունն անցավ Իվանիշվիլուն, աստիճանաբար տեղի է ունենում ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների բարելավում:
Իսկանդարյանը նաև փաստել է, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորումը մեծ օգուտ կբերի Հայաստանին, թեկուզ զուտ աշխարհագրական առումով, հնարավորություն տալով հայկական շահերի գոտու ընդլայնման: Փոթիի նավահանգիստն այն կետն է, որի միջոցով իրականացվում է հայկական արտահանման մեծ մասը: Այժմ այն որոշակի մասով պատկանելու է նաև Ռոսնեֆտին, և դա իր դրական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի համար:
Իսկ ինչ վերաբերում է ԵՄ հետ Վրաստանի ստորագրած ասոցացման մասին համաձայնագրին, ապա հարկ է նշել, որ եթե ոմանք ակնկալում էին, որ դրանով իսկ կխզվեն բոլոր կապերը Ռուսաստանի հետ, ապա նրանք սխալվում էին: Դա Վրաստանի և Եվրամիության միջև զուտ առևտրային համաձայնություն է, որը չի բացառում այն գործընթացները, որոնք եղել, կան և լինելու են: Ռուսական ընկերությունների մասնակցությունը վրացական բիզնեսում չի դադարեցվելու,- նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը:










