ԵՏՄ մտնելով՝ առողջապահական ծախսերը չեն ավելանա, ինչպես աշխատել ենք, այնպես էլ կշարունակենք աշխատել. առողջապահության փոխնախարար
ԵՏՄ մտնելով՝ Հայաստանում առողջապահական ծախսերը չեն ավելանա. Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ նշելով, որ ինչպես աշխատել են, այնպես էլ հունվարի մեկից շարունակելու են աշխատել։
«ԵՏՄ-ին անդամակցությունը առողջապահական մատուցման խնդիր չի առաջացնի, և առողջապահական ծախսերի ավելացում չի լինի»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե ժամանակի խնդիր է, և վաղ թե ուշ նշանակալի թանկացումներ կլինեն դեղերի շուկայում, Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այսօր էլ ինտենսիվ քննարկում են դեղերի ներկրման ապահովման հարցերը։ «Ամբողջ աշխարհում դեղերի գների կանոնակարգման մեխանիզմներ գոյություն ունեն: Սա միակ մեխանզիմն է, որով հնարավոր է պաշտպանել դեղերի գները: Մեր ներմուծողները պարտավորվում են որոշակի ժամկետներում պահպանել գները, և սա շատ կարևոր է, բայց ԵՏՄ-ի հետ կապ չունի»,-նշեց նա։
Նշենք, որ ըստ հրապարակումների՝ 2013-ին ՀՀ է ներմուծվել 110 մլն դոլարի դեղորայք: Հայաստանում դեղորայքի ներմուծման համար գործում է զրոյական մաքսատուրք, իսկ ՄՄ-ում՝ 8-12,5 %: Քանի որ դեղորայքի մեծ մասը բերվում է ԱՄՆ-ից և Եվրոպայից, դրանց գինը կբարձրանա առնվազն՝ 8 %-ով:
Առողջապահության փոխնախարարը նկատեց, թե ԵՏՄ մտնելով՝ Հայաստանի առջև Եվրոպայի դռները չեն փակվում, և նույն ակտիվությունը եվրոպական առողջապահական ծրագրերի մասով պահպանվելու է։ «Մենք շարունակում ենք համագործակցությունը և պլաններ ենք մշակում էլ ավելի ակտիվացնելու համագործակցությունն այն երկրների հետ, որտեղ կա առաջատար առողջապահական համակարգ»,-նշեց նա։
Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ առողջապահությունն այլ ոլորտ է։ «Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ ԵՄ-ն, ՀՀ-ն և տարածաշրջանի մյուս երկրները, Առողջապահության համաշխարահային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի մեջ են ընդգրկված, և իրականացվում է ընդհանուր քաղաքականություն: Փաստաթղթային մասով քաղաքականությունը ԱՀԿ անդամ 53 երկրի համար նույնն է»,-ասաց նա և նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո եթե փոփոխություն էլ լինի, միայն դրական է լինելու. «Նախկին կապերի ամրացում, հարաբերությունների ակտիվացում... միայն դրական ազդակներ է բերելու»։










