Ֆրանսիայի հայ համայնքը մասնակցում է Փարիզի ահաբեկչությունը դատապարտող բողոքի ակցիաներին
Ֆրանսիայի հայ համայնքը երկրի տարբեր քաղաքներում մասնակցում է Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա ահաբեկչական ակտը դատապարտող և զոհերին հարգանքի տուրք մատուցող հանրահավաքներին:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Nouvelles d'Arménie ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը՝ ավելացնելով .«Արդեն կոչ ենք գրել այսօր՝ ուղղված բոլոր հայերին՝ բոլոր քաղաքներում, որպեսզի ցույց անեն ազատության համար, դեմոկրատական արժեքները պաշտպանելու համար»:
Հիշեցնենք, որ նախքան այս ահաբեկչությունը, որ ցնցեց աշխարհը, Եվրամիության երկրներում խիստ աշխուժացել էին ազգայնական տրամադրությունները, հատկապես՝ Գերմանիայում:
Ի պատասխան հարցի, թե արդյո՞ք եվրոպացիների վերաբերմունքում բաժանարար գիծ կա Եվրոպայում բնակվող հայերի և քրիստոնեական կրոնի այլ հետևորդների միջև՝ մի կողմից և մյուս կողմից՝ մահմեդականների միջև, հայազգի խմբագիրն ասաց, որ հարցը նման հարթության մեջ երբեք չի դրվում: Ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին՝ նա ասաց, որ իրենց դիրքորոշումները երբեք ու երբեք չեն կարող պայմանավորված լինել «կրոնական պայքարով»՝ որպես քրիստոնյա, այլ՝ դեմոկրատական արժեքներով, որոնք կիսում են Ֆրանսիայի ժողովրդի հետ:
«Հիմա Ֆրանսիայում 8 միլիոն իսլամիստ կա, որոնք մեղավոր չեն նրա համար, ինչ-որ կպատահի այսօր, դրա մեղավորները ջիհադիստներն են, Ալ Քաիդան, այն ծայրահեղ ուժերը, որ մեզ խփում էին Սիրիայում կամ Դեյր Զորում»,-ավելացրեց Արա Թորանյանը:










