Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստ է ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալվել է Ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդական կոմիտեի ակտիվիստ Էլվին Աբդուլլաևը, տեղեկացնում է contact.az կայքը:
Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Աբդուլլաևն անհայտ անձանց կողմից առևանգվել է՝ համալսարանում քննություն հանձնելուց հետո:
Նա զանգահարել է տուն և ասել, որ հաջողությամբ պատասխանել է քննության հարցերին: Դրանից կարճ ժամանակ անց Facebook-ի իր էջում գրել է, որ ձերբակալվել է:
Սակայն երիտասարդի հարազատներին նրա գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկատվություն չեն տվել:
Նրա մորը տեղեկացրել են, որ երիտասարդի դեմ քրեական գործ է հարուցվել՝ թմրանյութեր պահելու կասկածանքով, սակայն չեն հայտնել, թե որ հոդվածով է մեղադրվում:
Կազմակերպությունը, որին անդամակցում է երիտասարդը, հայտարարել է, թե նրա ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի:










