ՌԴ-ն չի պատասխանել Վրաստանի կառուցողական քայլերին. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով Ռիգայում անցկացվող «Եվրոպայի զարգացման տարի» համաժողովում, հայտարարել է, որ Վրաստանի կառուցողական քայլերին, որոնք ուղղված են եղել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելուն, Մոսկվայի կողմից պատասխան քայլեր չեն եղել, փոխանցում է newsgeorgia.ru-ն:
«Մեր երկրի համար գլխավոր խնդիրը մեր տարածքների 20%-ի շրջափակումն է և դրանով առաջացած այլ խնդիրները, որոնք կապված են փախստականների հետ: Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների հետ, սակայն դա չպետք է տեղի ունենա մեր ինքնիշխանության և անկախության հաշվին, ինչի համար մենք այդքան պայքարել ենք»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Իր ելույթում վարչապետն ուշադրություն է հրավիրել նաև Վրաստանի հաջողությունների վրա` ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և եվրաինտեգրման գործընթացների առումով:










