Չինաստանում 25 ուղևոր ձերբակալվել է՝ օդանավն ինքնակամ լքելու փորձի համար

13:24 • 11.01.15

Չինաստանի Կունմին քաղաքում China Eastern Airlines ավիաընկերության MU2036 չվերթի մոտ 25 ուղևորներ ձերբակալվել են, երբ ինքնուրույն բացել են օդանավի վթարային ելքերի դռները և փորձել են լքել օդանավը, գրում է lenta.ru-ն։


Նշվում է, որ ուղևորները մի քանի ժամ անցկացրել են օդանավում, քանի որ դեպի Պեկին թռիչքը հետաձգվել է առատ ձյան տեղումների պատճառով։


Սկզբում ուղևորները սպասել են, որ օդանավակայանի աշխատակիցները մշակեն օդանավը հակասառեցման հեղուկով, որից հետո սպասել են թռիչքուղու մաքրման աշխատանքների ավարտին։


Ուղևորների մի մասի համբերությունը հատել է և չնայած անձնակազմի պնդումներին, նրանք բացել են վթարային ելքերի դռները՝ փորձելով դուրս գալ և վերադառնալ օդանավակայան։


Ընդ որում, նշվում է, որ այդ պահին օդանավն արդեն պատրաստ է եղել թռիչքին։ Արդյունքում օդանավը վերադարձրել են դեպի տերմինալ, և մի քանի ուղևորներ ձերբակալվել են ու տեղափոխվել ոստիկանություն։ Մյուս ուղևորները  մեկ այլ չվերթով ուղևորվել են Պեկին։