ԱՄՆ–ն և Բրիտանիան մտավախություն ունեն, որ ԵՄ–ում նոր ահաբեկչություններ կլինեն

14:05 • 11.01.15

Եվրոպայում կարող են տեղի ունենալ նոր ահաբեկչական ակտեր, գրում է ТАСС-ը՝ հղում անելով գերմանական Bild am Sonntag թերթին, որն էլ իր հերթին վկայակոչում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների իր աղբյուրներին:


Թերթը պնդում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները կարողացել են գաղտնալսել «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչների հեռախոսազրույցը:


Հեռախոսազրույցում ծայրահեղականները խոսել են այն մասին, որ Ֆրանսիայում այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները «Եվրոպայում ահաբեկչության ալիքի սկիզբ են միայն»:


Ինչպես գրում է Bild am Sonntag-ը, հեռախոսազրույցից հայտնի է դարձել նաև, որ իսլամիստները կարող են Եվրոպա մտնել որպես փախստական ներկայանալով:


Բրիտանական հետախուզությունն իր կողմից զգուշացրել է եվրոպացի գործընկերներին օդային տրանսպորտում ահաբեկչություն իրականացնելու վտանգի մասին, նշում է թերթը:


Այդ առիթով կոնկրետ տեղեկություններ եվրոպական հատուկ ծառայությունները չունեն, նշում է թերթը: