Քանի որ մենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերներ ենք, երևի թե բարոյական խնդիր է. Գ. Սահակյանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

18:56 • 19.03.15

Խնդիրը հետևյալն է, որ պետությունների փոխհարաբերություններում ընդհանրապես երրորդ պետությունները մասնակից չեն լինում, բայց քանի որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, երևի թե բարոյական տեսակետից այստեղ խնդիրներ կան։

 

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով երեկ ռուս լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությանը, որ ՌԴ-ի կողմից ԼՂ հակամարտության կողմերին զենքի վաճառքի խնդիրը պետք է լուծում ստանա։


Գալուստ Սահակյանն ասաց նաև, թե չի կարծում՝ դա «քաղաքական բարդ խնդիր է լուծումների համար»։ 

 

ԱԺ նախագահը նշեց, թե ՀՀ Նախագահն իրողությունը հետևյալ ձևով ներկայացրեց, որ միևնույնն է, եթե ՌԴ-ն զենք չվաճառեր Ադրբեջանին, Ադրբեջանը այն ձեռք կբերեր մի ուրիշ պետությունից, բայց այլ բան է, երբ մեր զինվորի վրա կրակում է ռուսական ավտոմատը, այլ բան՝ մի այլ պետության։

 

«Այստեղ հարցը նրանում է, որ ավելի շատ էմոցիոնալ, հոգեբանական խնդիր ունի մեր ժողովուրդը, իրավական տեսակետից ցանկացած պետություն կարող է համագործակցության իր աստիճանն ինքը որոշել»,-ասաց նա։

 

Իսկ թե ինչու հիմա եղավ բարձրաձայնելու անհրաժեշտությունը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ խոսակցությունները միշտ էլ եղել են, ուղղակի այս դեպքում հարցը ներկայացրել են և Նախագահը պատասխանել է։


Հարցին, թե ՌԴ-ի կողմից բացասական ռեակցիայի  մտավախություն չկա՞, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես ուզում եմ մեր ժողովրդից այդ ստրկական հոգեբանությունը, մտայնությունն իսպառ վերանա»։



 

 

Քանի որ մենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերներ ենք, երևի թե բարոյական խնդիր է. Գ. Սահակյանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին