Հայաստանը Մարոկկոյի համար կարող է «մուտք» դառնալ դեպի ԵՏՄ շուկա, Մարոկկոն՝ ՀՀ համար՝ դեպի աֆրիկյան երկրներ. Կ. Ճշմարիտյան
Այսօր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Մարոկկոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության հետ համատեղ կազմակերպել էր գործարար համաժողով: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա նշեց, որ սա առաջին գործարար համաժողովն է Հայաստանի և Մարոկկոյի գործարարների միջև, և նախանշում է հետագա համագործակցության հաջող աշխատանքի սկիզբը:
«Գործարարներին կուզենայի հաղորդել, որ Հայաստանում կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների համար»,-ասաց նա և նշեց, որ ներդրումները պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:
Նա Հայաստան-Մարոկկո համագործակցության հարցում երկու հանգամանք կարևորեց:
«Հայաստանի գործարարների համար հնարավորություն է՝ դուրս գալ մի շուկա, որը վերջին տարիներին բաց է մնացել»,-ասաց նա և պարզաբանեց, որ Մարոկկոյի թագավորության միջոցով հնարավոր կլինի զարգացնել առևտուրը աֆրիկյան երկրների հետ:
«Երկրորդ գրավիչ հանգամանքն այն է, որ ՀՀ-ն, ունենալով ավելի ազատական, միջազգային չափանիշներին համահունչ օրենսդրական դաշտ և անկախ երկրների հետ համագործակցություն, Մարոկկոյի գործարարների համար կարող է հանդիսանալ այն վայրը, որտեղից կարող են մուտք գործել բավականին մեծ շուկա՝ այդ թվում ԵՏՄ շուկա»,-ասաց նա և կոչ արեց օգտվել այդ հնարավորությունից՝ զարգացնելու հարաբերությունները նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և ԱՊՀ այլ երկրների հետ:
Մարոկոյի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մինա Թունսին ևս կարևորեց համաժողովի կազմակերպումը:
«Ե՛վ Մարոկկոն, և՛ Հայաստանը տնտեսական վիթխարի ուժ ունեն, որը կարող են ծառայեցնել երկու երկրների համար»,-ասաց նա և նկատեց, որ առաջին անգամ է, որ երկու երկրների գործարաները համաժողովի են մասնակցում:
Նա նշեց, որ Մարոկկոն մուտքի ամենակարևոր կետն է, «յուրահատուկ դարպաս» է դեպի աֆրիկյան երկրներ:
«Մարոկկոն մեր տարածաշրջանում ամենակայուն պետությունն է»,-ասաց նա և նշեց, որ իրենց մոտ ընդվզումներ չեղան, քանի որ իրականացվեցին կարևոր կառուցվածքային բարեփոխումներ:
Դեսպանը ներկայացրեց իրենց երկրի առանձնահատկությունները, տնտեսության զարգացման ճանապարհը և հավելեց, որ Մարոկկոն տնտեսությունը զարգացրել է` խթանելով մասնավոր ձեռներեցությունը, վերանայվել է իրավական համակարգը։
«Մարոկկոն ներգրավված է ժողովրդավարական երկիր կառուցելու գործընթացում»,-ասաց նա:










