Հս. Կորեան 1000 բալիստիկ հրթիռ ունի, որոնք կարող են մինչև Ճապոնիա հասնել. զեկույց

12:04 • 08.04.15

Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը մոտ 1000 բալիստիկ հրթիռ ունի, որոնք կարող են հասնել մինչև Ճապոնիա:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին ասված է Վաշինգտոնում Ջոնս Հոփքինսի համալսարանին կից միջազգային հետազոտությունների դպրոցի Ամերիկա-կորեական ինստիտուտի զեկույցում:

 

Դրանց թվում կան «Նոդոն» տիպի հրթիռներ, որոնց թռիչքի հեռավորությունը 1.2-1.5 հազար կմ է, և «Սկադ» տիպի հրթիռներ, որոնց թռիչքի հեռավորությունը 300-600 կմ է:

 

Զեկույցում նշվում է, որ մինչև 2020 թվականը Հյուսիսային Կորեան կարող է իր տրամադրության տակ մոտ 100 միջուկային մարտագլխիկ ունենալ:

 

«Առկա հզորությունն ավելի քան բավարար է հյուսիսկորեական միջուկային զինապահեստի հետագա զարգացման համար: Չի բացառվում նաև իրադարձությունների զարգացման ամենաբացասական տարբերակը, որի դեպքում Հյուսիսային Կորեայի տնօրինության տակ մինչև 2020 թվականը 100 միջուկային մարտագլխիկ կլինի»,- ասված է զեկույցում: