Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կքննարկեն Պուտինի՝ Երևան այցի պատրաստությունների ընթացքը
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը մտադիր են բանակցությունների ընթացքում քննարկել պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել երկու պետությունների ղեկավարների կողմից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ուրախ ենք հերթական հանդիպման հնարավորություն ունենալու համար։ Մեզ մոտ ավանդույթ է ստեղծվել՝ պարբերաբար այցելել միմյանց։ Մեր երկրների միջև գոյություն ունի երկկողմ հարաբերությունների, եվրասիական ինտեգրման, ՀԱՊԿ-ի շրջանակում դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ լայն օրակարգ»,- նշել է Լավրովն իր հայ գործընկերոջ հետ հանդիպման սկզբում։
Լավրովը նշել է, որ հուսով է՝ տեղի կունենա արդյունավետ զրույց, որն ուղղված կլինի Ռուսաստանի և Հայաստանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարմանը։
Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ այսօր իրենք հնարավորություն ունեն մանրամասն քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան, ով պետք է մասնակցի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
Երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն նաև մայիսին Մոսկվայում՝ Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին։










