Ադրբեջանը ցանկանում է ռուսական զորքերի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը, հակառակ գնալով ողջ աշխարհին,տեղակայվում է Ռուսաստանի քաղաքական հովանու տակ: Ըստ նրա` սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկանում է ռուսական զորքերի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն, Ռուսաստանի միջոցով հայկական կողմերից զիջումներ կորզել: Աղասի Ենոքյանը արձանագրում է նաև, թե քանի դեռ Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց ազատվելու ռեալ քայլեր չի արել, մեր հնարավորությունների շրջանակը գնալով պակասելու է:
-Այս տարեսկզբին պնդում էիք, որ ՌԴ-ին Ադրբեջանում ռազմաբազա է պետք, երկրորդը` Հարավային Կովկասում և որ Ռուսաստանը, ի դեմս Ադրբեջանի, կարող է նկատի ունենալ Ղարաբաղը: Հիմա էլ քաղաքագետ Իգոր Մուրադյանն է «Ռուսաստանի ու Ադրբեջանի մեղրամիսը» իր հոդվածով տեղեկացնում, թե «հայտնի է դարձել, որ Ադրբեջանն արդեն համաձայնվել է Ղարաբաղում խաղաղարարների անվան տակ ռուսական զորքի տեղակայմանը, հնարավոր է՝ ՀԱՊԿ այլ երկրների զինուժի, սակայն՝ անպայման ադրբեջանական զորքերի հետ միասին»: Արդյո՞ք սա այն ձևափոխված տարբերակն է, ինչի մասին խոսում էիք:
-Ես տեղեկություններ չունեմ, որ պատրաստվում են տեղակայել, բայց դա, կարծես թե, անխուսափելի է դառնում, քանի որ իրերի տրամաբանությունն է տանում նրան, որ ռուս խաղաղապահները կարող են տեղակայվել Ադրբեջանում: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ամբողջապես դեմ է գնում համաշխարհային քաղաքական զարգացումների տրամաբանությանը և շատ հանգիստ տեղակայվում է Ռուսաստանի քաղաքական հովանու տակ: Սա, կարծում եմ, նշանակում է, որ Ադրբեջանը ցանկանում է ռուսական զորքերի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն, Ռուսաստանի միջոցով հայկական կողմից զիջումներ կորզել:
-Մյուս կողմից, մենք ՀԱՊԿ-ում նախագահություն ենք ստանձնում, ըստ Ձեզ` դա ի՞նչ կտա մեզ:
-Ոչինչ չի տա, ինչպես ոչինչ չի տվել: Մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ը դատարկ, ոչինչ չտվող կառույց է, որը չի աշխատեցնում իր կոլեկտիվ անվտանգության մեխանիզմները: Մենք տեսնում ենք, թե այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, ՀԱՊԿ-ն անգամ դատապարտող հայտարարությամբ հանդես չի գալիս:
-Բայց, ամեն դեպքում, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի հարձակվի, չկ՞ան ավելի շատ, երբ ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը:
-Ոչ, որովհետև դա զուտ ֆորմալ է` ՀԱՊԿ-ի նախագահ, ՀԱՊԿ-ի մենեջեր, ՀԱՊԿ-ի կառավարիչ…
-Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով թյուրքախոս ժողովուրդների վեհաժողովում, որն անցնում էր ԵՏՄ գործընկեր պետության մայրաքաղաք Աստանայում, խոսել է Ղարաբաղն ազատագրելու իր մտադրության մասին, ինչպես նաև հավակնություններ է բարձրաձայնել Զանգեզուրի նկատմամբ:
-Այո, Աստանան նաև մեր ՀԱՊԿ գործընկերն է: Այդ կառույցի մասին ասացի, որ տեսնում ենք, որ այն որևէ ցանկություն չունի ներգրավվելու հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:
-Ըստ Ձեզ, նման իրավիճակում Հայաստանը մանևրելու կամ հակաքայլեր անելու ի՞նչ հնարավորություն ունի:
-Հայաստանի այդ քայլերն ու հնարավորությունները գնալով նեղանում են, քանի որ ՀՀ-ն չի փորձում ռեալ քայլեր անել` դուրս գալու ռուսական ազդեցության գոտուց:
-Բայց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հարցում ոչ միայն անորոշություն կա, այլև վատատեսություն, մասնավորապես, որ նոր փաստաթուղթը ավելի ցածր կարգավիճակ է ունենալու և այլն: Մյուս կողմից` ներգաղթյալների խնդիրը, որոնք հիմա ԵՄ-ի համար թիվ մեկն են դարձել, չի՞ նշանակում, որ վերջն է արդեն Եվրոպայի հետ:
- Ամենևին: Իսկ համաձայնագիրն ավելի ցածր մակարդակի է լինելու, քանի որ Ռուսաստանի հետ կնքած համաձայնագիրը պարզապես մեզ հնարավորություն չի տալիս ավելի բարձր մակարդակով համաձայնագիր կնքել: Իսկ միգրանտների խնդիրը առօրեական խնդիր է Եվրոպայի համար, սա մարտահրավեր է, բայց միգրացիոն առումով ամենամեծ մարտահրավերն է Եվրոպայի համար, որովհետև ԵՄ-ի համար ամենամեծ մարտահրավերը Հունաստանն է շարունակում մնալ: Ի վերջո, չմոռանանք, որ փոքրիկ Հայաստանը Սիրիայից փախստականների ընդունելով երրորդն է աշխարհում` իր տարածքի համեմատ: Եվ Հայաստանն այդ ամեն ինչն արել է առանց շոուի, ինչը Եվրոպայում են անում: Ինչ վերաբերում է, որ այս խնդիրների պատճառով ԱլԳ հարևանության ծրագրերը մղվել են հետին պլան, ըստ իս, նման բան չկա. ամեն մեկով զբաղվում են տարբեր գերատեսչություններ, ամեն մեկով զբաղվում են տարբեր չինովնիկներ:









