ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայում հակամարտող կողմերի վրա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, թե Սիրիայում հակամարտող կողմերի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել՝ բանակցությունները շարունակելու համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Ես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու Սիրիայի աջակցության միջազգային խմբին կոչ եմ անում ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի նրանք լրջորեն ներգրավվեն միմյանց հետ բանակցություններում՝ Սիրիայի ապագայի հարցով»,-հայտարարել է Բան Կի Մունը։
Երեկ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, թե Ժնևում միջսիրիական բանակցություններում ժամանակավոր դադար է գրանցվել։ Նոր փուլը նախատեսված է փետրվարի 25-ին։
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն արդեն հեռացել է Ժնևից։ Պաշտոնական Դամասկոսն ընդդիմությանը մեղադրում է բանակցությունները տապալելու փորձի համար։ Ընդդիմությունն ու նրա աջակից պետություններն էլ փոխադարձաբար մեղադրում են Դամասկոսին և նրա դաշնակիցներին։










