Սպանված կուրսանտի գործով ամբաստանյալների փաստաբանները դժգոհություն հայտնեցին քննչական փորձարարության նկատմամբ (տեսանյութ)
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նախորդ տարի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը:
Դատավոր Դավիթ Հարությունյանն ընթերցեց մեղադրական եզրակացության մեջ ներառված քննչական փորձաքննությունը, որտեղ գրված էր, թե ինչպես են վկաները ցույց տվել դեպքի գիշերը իրենց պառկած դիրքը, և թե մեղադրյալներից յուրաքանչյուրն ինչ է արել այդ ընթացքում:
Սակայն պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատական դահլիճում ցուցադրել տեսագրություն, քանի որ հասկանալի չէ գրվածից, թե ի վերջո վկաները ցո՞ւյց են տվել, թե ոչ:
Փոքրին դադարից հետո դահլիճ բերվեց համակարգիչ, որի օգնությամբ դատավարության բոլոր կողմերը հնարավորություն ունեցան հետևել փորձարարական քննությանը:
Դրա ավարտից հետո փաստաբան Հովիկ Արսենյանը տեսագրությունը նմանեցրեց ռուսական հայտնի հաղորդաշարին՝ «Cам себе режиссер» անունով և ընդգծեց, որ այս փորձարարությունը չի բացահայտում որևէ բան:
«Քննիչը հուշում է անընդհատ, ասելով՝ ոնց խեղդեց, ոնց սեղմեց: Այնինչ ննջարանի կուրսանտները ցուցմունքներում նշել են, որ հարված եղավ պարանոցին: Այս փորձարարությունը զուտ հասարակական ընկալման համար է, որ ասեն՝ վայ տեսեք ինչ են ասում, ոնց են արել: Ի՞նչ գործ ունեն այնտեղ ռազմական ոստիկանության աշխատողները, եթե կատարվել է միայն փորձարարություն վկաների մասնակցությամբ: Նրանք ազատ կուրսանտներ են, ի՞նչ կարիք կար ոստիկանության: Սա վկայում է այն մասին, որ այս վկաներին փակի տակ են պահել ու եղել են այդ ոստիկանների հսկողության տակ և վախի ազդեցությամբ ցույց են տալիս այն, ինչ կարգադրվել է»,-ասաց նա:
Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ նշեց, որ դեպքը տեղի ունեցել ձմռանը, երբ նաև ձյուն էր եկել, իսկ փորձարարությունն իրականացվել է ամռանը, երբ գիշերները ավելի լուսավոր են: Այսինքն` վկաներին ավելի դժվար կլիներ տեսնել, քան ցույց է տրվում տեսագրությամբ:
Մյուս պաշտպանները ևս իրենց դժգոհությունը հայտնեցին քննչական փորձարարության վերաբերյալ:














