Փաստաբանները միջնորդեցին դատարանին սպանված կուրսանտի գործի շրջանակում ընթացող մյուս երկու գործերը միավորել

15:11 • 04.02.16

 

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին մեղադրյալների փաստաբանները միջնորդություն ներկայացրին դատարանին` բուն գործին միավորել սույն գործի շրջանակներում ընթացող երկու դատական գործերը։

 

Խոսքը մասնավորապես կուրսանտներ Կարեն Բաղրամյանի և Թելման Մխիթարյանի ու Խաչիկ Մինասյանի քրեական գործերի մասին է։

 

Ինչպես դատական նիստին նշեց մեղադրյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, գործերի միավորումը թույլ կտա պարզել իրականությունը և ավելի օբյեկտիվ քննություն իրականացնել։

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանն էլ նշեց, որ ինքը դիրքորոշում չի հայտնի, կհամաձայնի դատարանի ցանկացած որոշմանը։
 

Գործը քննող դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս փուլում գործերը հնարավոր չէ միավորել։                      
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
Հիշեցնենք, որ վերոնշված օրը ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն: