Դատարանը ներկայացրեց սպանված կուրսանտի գործով մեղադրական եզրակացությունը

14:58 • 04.02.16

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015թ-ի հունվարի 29-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը։


Դատարանն այսօր անցավ ապացույցների և գործի նյութերի հետազոտության փուլին՝ ներկայացնելով մեղադրական եզրակացությունը, որում ասվում էր, որ գործի քննության ընթացքում արնանման հետքեր են հայտնաբերվել մարզահրապարակի տարածքում՝ ձյան վրա, որից նմուշներ են վերցվել։ Արնանման հետքեր են հայտնաբերվել նաև Հայկազ Բարսեղյանի բաճկոնի վրայից։


Բուժկետում դիակի զննություն իրականացնելիս հայտնաբերվել է, որ Հայկազ Բարսեղյանը լեզուն ատամների արանքում է՝ չորացած վիճակում, իսկ ներքևի շրթունքի շուրջ առկա է արնազեղում։ Նրա բազուկից մինչև մատներ առկա են եղել արյան հետքեր։


Հիշեցնենք, որ վերոնշված օրը ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:


Ինչպես նշված էր մեղադրական եզրակացության մեջ կատարվել է զորամասի տարածքի ուսումնասիրություն, որտեղ արնանման չորացած հետքեր են հայտնաբերվել աստիճանների, իսկ այնուհետև նաև կուրսանտների հանգստի սենյակում գտնվող պահարաններից մի քանիսում առկա բաճկոնների վրայից։ Իսկ Հայկազ Բարսեղյանի պարահանում կախված բաճկոնի գրպանում հայտնաբերվել է նամակ վրան գրված. «Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ, քաշքշուկի համար կներեք»։


Հունվարի 31-ին կատարվել է լրացուցիչ զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է, որ Հայկազ Բարսեղյանի մահճակալի տակդիրի տակի «տախտակը» ճաքած է, իսկ մեկ այլ մահճակալի տակդիրի տակից հայտնաբերվել է դանակ՝ պոչը արնանաման հետքերով։


Դատական նիստը շարունակվում է։ 

 

Դատարանը ներկայացրեց սպանված կուրսանտի գործով մեղադրական եզրակացությունը