Կրեմլը չի հայտնի Սիրիայում զոհված ռազմական խորհրդատուի անունը
Կրեմլը չի հայտնի Սիրիայում զոհված ռուս ռազմական խորհրդատուի անունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Պաշտպանության նախարարությունն իր նկատառումներն ունի դրա վերաբերյալ, այդ պատճառով, մենք, բնականաբար, նրա անունը հայտնել չենք կարող»,- ասել է Պեսկովը։
Նա կրկին հայտարարել է, որ ռուս զինվորականները չեն մասնակցում Սիրիայում ցամաքային գործողությանը:
«Խոսքը հենց խորհրդականների մասին է, դա կապված է սիրիացի գործընկերներին գործող պայմանագրերի շրջանակներում Սիրիա մատակարարվող տեխնիկայի ուսուցման հետ»,- բացատրել է Պեսկովը:
Փետրվարի 3-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը Սիրիայում ռուս ռազմական խորհրդատու է մահացել: Դա տեղի է ունեցել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սիրիական բանակի ռազմական կայազորի ռմբակոծության ժամանակ:










