Ոսկու հանքանյութի հափշտակության համար մեղադրվող Արտակ Գալստյանը ՀՔԾ երբևէ չի ներկայացել. հերքում
Ոսկու վերամշակման գործունեությամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊ ընկերությունից առանձնապես խոշոր չափերով ոսկու պարունակությամբ հանքանյութի գաղտնի հափշտակության դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ.տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը։
Քրեական գործի նախաքննության ընթացքում գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Բագրատ Ա.-ին և Լևոն Ս.-ին և վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Քրեական գործի հետագա քննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործությանը մասնակցություն են ունեցել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, հետևապես քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով ըստ քննչական ենթակայության 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և նույն օրն ընդունվել է վարույթ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում գողությանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ հիշյալ ՍՊ ընկերության արտադրության պետ Արտակ Գալստյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, մինչդեռ վերջինս չի հայտնաբերվել:
Մամուլում վերջին օրերին հրապարակված այն տեղեկությունները, որ «տևական ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Արտակ Գալստյանին տարել-բերել են և պահանջել անուններ ասել, մյուս կողմից էլ` սպառնացել են», իրականությանը չեն համապատասխանում: Ավելին՝ Արտակ Գալստյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն երբևէ չի ներկայացել, չի հարցաքննվել և նրա մասնակցությամբ քննչական որևէ գործողություն չի կատարվել:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:










