Էկվադորի նախագահը փոխհատուցում կպահանջի երկրի դեսպանատանն Ասանժի գտնվելու համար

09:58 • 05.02.16

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ողջունել է ազատության անօրինական զրկման վերաբերյալ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումը, որն արդարացնում է WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, գրում է interfax.ru-ն։

 

«Դա այսքան տարի անց վկայում է, որ մենք ճիշտ էինք»,- ասել է նա Կիոտոյում լրագրողներին։

 

Նա միաժամանակ նշել է, որ Էկվադորին և Ասանժին զգալի բարոյական և նյութական վնաս է հասցվել, որը պետք է փոխհատուցել:

 

«Ո՞վ է պատրաստվում փոխհատուցել Ասանժին և Էկվադորին հասցված վնասը: Իսկ գիտե՞ք, թե որքան է արժեցել դեսպանատան անվտանգության պահպանությունը»,- հարցրել է նա և հավելել. «Մենք բախվել ենք լրտեսության փորձերի և այլ բաների»։

 

Ասանժը, ով 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է, բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ին: Հարցը քննել է ազատության անօրինական զրկման հարցերով աշխատանքային խումբը, որը լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ասանժի օգտին որոշում է կայացրել: Որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը:

Ինքը՝ Ասանժը, հայտարարել է, որ դեսպանատնից դուրս կգա ուրբաթ կեսօրին և պատրաստ է իրեն հանձնել բրիտանական ոստիկանությանը, որը նրա ձերբակալության օրդեր ունի։

 

 

Էկվադորի նախագահը փոխհատուցում կպահանջի երկրի դեսպանատանն Ասանժի գտնվելու համար