ՄԱԿ-ն անօրինական է ճանաչել Ջուլիան Ասանժի ազատազրկումը (լրացված)

12:38 • 05.02.16

ՄԱԿ-ի աշխատանքային խումբն անօրինական է ճանաչել 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ազատազրկումը։ Այդ մասին ասված է ուրբաթ հրապարակված խմբի հայտարարությունում, գրում է РИА Новости-ն:

 

«WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն անօրինական կերպով զրկվել է ազատությունից Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի կողմից»,- ասված է հաղորդագրությունում:

 

ՄԱԿ-ի աշխատանքային խումբը կոչ է արել Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի իշխանություններին «վերջ դնել Ասանժի ազատազրկմանը» և հարգել տեղաշարժման ազատության նրա իրավունքը։


Աշխատանքային խումբը պնդում է, որ Ասանժին պետք է փոխհատուցում վճարվի ազատության անօրինական զրկման համար:

 

Խումբը նաև նշել է, որ Ասանժի անօրինական երկարատև ազատազրկումը տեղի է ունեցել Շվեդիայի դատախազության ոչ բավարար ակտիվ հետաքննության պատճառով:

 

ՄԱԿ-ի խմբի դրական եզրակացության մասին ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, հայտնել էր BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին, սակայն պաշտոնական որոշումը հրապարակվել է միայն ուրբաթ առավոտյան։

 

Ասանժը ՄԱԿ-ի հատուկ խմբի եզրակացությունն «իրավաբանորեն պարտավորեցնող» է անվանել:

«Դա իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է»,- նշել է նա:

 

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՄԱԿ-ի բացասական որոշման դեպքում նա պատրաստ է դուրս գալ դեսպանատան շենքից և հանձնվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին:

 

Այսօր հաղորդվել է, որ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ողջունել է ազատության անօրինական զրկման վերաբերյալ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումը, որն արդարացնում է WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։  Նա միաժամանակ նշել է, որ Էկվադորին և Ասանժին զգալի բարոյական և նյութական վնաս է հասցվել, որը պետք է փոխհատուցել:

 

Ջուլիան Ասանժը հայտնի է դարձել 2006 թվականին որպես գաղտնի փաստաթղթեր հրապարակող WikiLeaks կայքի հիմնադիր։ 

 

ՄԱԿ-ն անօրինական է ճանաչել Ջուլիան Ասանժի ազատազրկումը (լրացված)